National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.06.2022
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը Առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում մեկ հարց էր. քննարկվում էր ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Նշենք, որ հաշվեքննության արդյունքում չեն արձանագրվել էական խեղաթյուրումներ ու անհամապատասխանություններ, եւ պալատը որեւէ խնդրի դեպքում չի գտել, որ պետք է տրվի քրեաիրավական գնահատական:

Ավելի քան երեք ժամ տեւած բուռն քննարկման սկզբում Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մի քանի կետերի վրա է ուշադրություն հրավիրել: Նա նախ նշել է, որ հաշվեքննությունը կատարվել է Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Հաջորդ դիտարկումն այն էր, որ հաշվեքննությունը չի տվել եւ չի տալու պատասխան այն հարցին, թե համավարակի կանխարգելման եւ բուժման գործընթացի արդյունքները որքանով են բավարար, այլ` ինչպես են ծախսվել հանրային ֆինանսներն այդ արդյունքներին հասնելու ճանապարհին: Ըստ Ջանջուղազյանի՝ առաջին հարցի պատասխանը տալու համար հաշվեքննիչ պալատը համապատասխան կարողություններ չուներ: Այս ճշգրտումը նա կարեւորեց համարժեք սպասումներ ձեւավորելու համատեքստում: ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը համաձայնել է Հաշվեքննիչ պալատի կարողությունների վերաբերյալ դիտարկմանը, սակայն չի համաձայնել հաշվեքննության նպատակի մասին հնչեցված տեսակետին: Ըստ Թորոսյանի՝ ինչպես նշված է հաշվետվության մեջ, հաշվեքննության նպատակը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի գնահատումն է: Արսեն Թորոսյանը տարօրինակ համարեց նաեւ այն փաստը, որ պալատի այն անդամը, որը համակարգել է այս հաշվեքննությունը, ներկա չի քննարկմանը: Կարծիքների նախնական փոխանակումից հետո հարցի հիմնական զեկուցող, հաշվեքննիչ պալատի VII վարչության պետ Խաչիկ Փափազյանը ներկայացրել է, որ համավարակի կանխման եւ բուժման նպատակով 2020 թ. Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 26,5 մլրդ դրամ: Ըստ նրա՝ հաշվեքննության շրջանակում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հաշվեքննություն իրականացնող խումբը եզրահանգել է, որ համավարակի կանխարգելման ու բուժման նպատակով համարժեք պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել, հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ ու ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ, որոշումների կայացման գործընթացում չեն կիրառվել սահմանված հաշվետվողականության մեխանիզմները:

Բժշկական կազմակերպությունների՝ մեկ պացիենտի համար կատարված մասնագիտական անձնակազմի վարձատրության եւ դեղորայքային ու բժշկական նշանակման ապրանքների ծախսերի միջեւ եւս արձանագրվել են տարբերություններ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի խոսքով՝ նախարարությունը բազմաթիվ հիմնավորումներ է ներկայացրել, թե ինչու կան տարբերություններ եւ բերել է օրինակ, որ մի հիվանդանոցում բուժվել են ամբուլատոր բուժօգնության կարիք ունեցողներ, մեկ այլ հիվանդանոցում՝ ծանր հիվանդներ, երրորդում՝ հղիներ, հետեւաբար այդ տարբերություններն առաջացել են այդ պատճառով, քանի որ նշված անձանց բուժումներն իրարից էապես տարբերվում են ու հղի կնոջ բուժումն ավելի թանկ արժե ու երկարատեւ է եղել, քան օրինակ՝ երիտասարդ առողջ տղայինը: Պատգամավորը տեսակետ հայտնեց նաեւ, որ հաշվեքննությունից տպավորություն է ստեղծվում, թե կորոնավիրուսի դեմ պայքարի գծով ոչինչ չի արվել: Պապոյանի խոսքով՝ բազմաթիվ պնդումներ կան եզրակացության մեջ, որոնք հերքվել են նախարարության կողմից տրված պարզաբանումներում, սակայն հաշվեքննողները դրանք հիմնականում անհասկանալիորեն չեն ընդունել: «Արդյո՞ք որեւէ աշխատանք չի իրականացվել: Արդյո՞ք որեւէ լավ բան չի արվել: Ի վերջո, այդքան մարդ է բուժվել այդքան աշխատանք է կատարվել»,- հարցրեց Պապոյանը՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք միջազգային փորձն ուսումնասիրվել է, եւ այդ ո՞ր երկիրն է, որ 2019 թվականին քովիդի կանխարգելման ռազմավարություն է ունեցել: Ի պատասխան այս դիտարկմանը՝ Ատոմ Ջանջուղազյանը չնշեց որեւէ երկրի անուն եւ կրկին շեշտեց, որ հաշվեքննության նպատակը արդյունքի վերաբերյալ գնահատականներ տալը չի, այլ գործընթացի:

Արսեն Թորոսյանը Ջանջուղազյանի այս դիտարկմանն ի պատասխան մի մեջբերում արեց հաշվետվությունից. «2020 թվականի մարտ ամսին, երբ ՀՀ-ում արձանագրվեց հիվանդության դեպքերի աճ, լիազոր մարմինը, չունենալով համապատասխան գործողությունների եւ համավարակի կառավարման պլան, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում ծավալվող միջոցառումների ծրագիր, հիվանդության կանխարգելման՝ համավարակի առանձնահատկությունները հաշվի առնող համարժեք որեւ աշխատանք չի իրականացրել, այն դեպքում, երբ համավարակն աշխարհում տարածվում է սկսած 2019 թվականի վերջերից»: Ըստ Թորոսյանի՝ այդ ձեւակերպման առաջին մասը ոչ այլ ինչ է, քան գնահատական, իսկ երկրորդ մասն ակնհայտ կեղծիք է, քանի որ համավարակի առաջին դեպքերն ի հայտ են եկել ավելի ուշ: Թորոսյանը համոզմունք է հայտնել, որ ոչ մասնագետները փորձել են տալ մասնագիտական գնահատականներ:

Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությանն անդրադարձել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ համավարակը նոր էր. ընդգրկուն եւ շատ բարդ է արդյունքների վերաբերյալ գնահատականներ տալը: 2020 թ. նախարարությունը, աշխատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ երկրների համապատասխան կառույցների հետ, արագ ձեւավորել է աշխատանքային խումբ: Մշակվել են կորոնավիրուսային համավարակին վերաբերող հանրապետական եւ միջգերատեսչական պլաններ, որոնք երեք անգամ վերանայվել են: Նախարարը նշել է, որ ըստ միջազգային կառույցների արձագանքի՝ ճիշտ ժամանակին ձեռնարկվել են հստակ մեխանիզմներ եւ գործողություններ, որոնք հանգեցրել են համավարակի կառավարմանն ու պացիենտների բուժմանը: Ըստ նախարարի՝ Հաշվեքննիչ պալատի կողմից արվել են ոչ ճիշտ միջինացումներ, որն էլ հանգեցրել է արդյունքային սխալ ցուցանիշների: Նախարարը հիշեցրել է, որ 2020 թ., ի տարբերություն Եվրամիության շատ երկրների, Հայաստանում չի եղել դեղորայքի, դիմակների, կոնցենտրատորների խիստ պակաս, եւ արված ներդրումների արդյունքում հնարավոր է եղել ապահովել ամբողջական ապահովվածություն: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իրենք չեն ընդունում այն եզրահանգումները, որոնք խեղաթյուրում են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ամբողջ ընթացքում գերատեսչության վարած քաղաքականությունն ու արդյունքները:
 


10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am